Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Որդվոց Որոտմանը» մեծ հետաքրքրություն է առաջացրել թե՛ հայերի, թե՛ արտասահմանցիների շրջանում

«Որդվոց Որոտմանը» մեծ հետաքրքրություն է  առաջացրել թե՛ հայերի,  թե՛ արտասահմանցիների շրջանում
31.05.2012 | 13:53

Ստամբուլի Գում-Գափու թաղամասի հայկական Սուրբ Որդվոց Որոտման եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտվել են:

Եկեղեցին վերանորոգվել է «Ստամբուլը` 2010-ի եվրոպական մշակույթի կենտրոն» ծրագրի շրջանակներում:
Ստամբուլում (19-րդ դար) բազիլիկ ոճով կառուցված միակ առաքելական եկեղեցին կահավորվել է բարձրակարգ բարձրախոսներով, զինվել ժամանակակից հակահրդեհային անվտանգության համակարգով: Վերանորոգման աշխատանքները ղեկավարել է պոլսահայ ճարտարապետ Գևորգ Կարագյոզյանը:
Վերաբացումից հետո շատ կարճ ժամանակահատվածում Որդվոց Որոտմանը մեծ հետաքրքրություն է առաջացրել թե՛ հայերի, թե՛ արտասահմանցիների շրջանում:
Նշենք, որ Սուրբ Որդվոց Որոտման եկեղեցին չի գործել մոտ 100 տարի: 1940-ականներին օգտագործվել է որպես շղթայի ու ճոպանի գործարան, երկրաշարժերի ժամանակ` որպես ապաստարան:
Դեռևս անցյալ տարի լուրեր էին պտտվում, որ եկեղեցու բացմանը մասնակցելու է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Վերանորոգման ընթացքում թուրք պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ այցելում էին` գնահատելու ընթացող աշխատանքները:
Թուրքական կառավարության ընդգծված ուշադրությունը Սուրբ Որդվոց Որոտման եկեղեցու նկատմամբ, իհարկե, ունի իր պատճառները, մանավանդ քանդվող, փակվող եկեղեցիների, հակաքրիստոնեական ակնհայտ հալածանքների համատեքստում:
«Մենք գործ ունենք երկու տարբեր երևույթների հետ, երկու տարբեր իրավական հարթություններում են հարցերը,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտություների թեկնածու, դոցենտ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ:- Պատմական Հայաստանի տարածքի եկեղեցիները չունեն իրավական կարգավիճակ, ուստի այդ եկեղեցիները, եթե անգամ վերաբացվում են (ինչպես, օրինակ, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին), գործում են որպես թանգարան: Ավելին, մյուս եկեղեցիները, ինչպես գիտեք, քանդվում են: Հիմա էլ շարունակվում է քանդման և ոչնչացման գործընթացը: Ինչ վերաբերում է Ստամբուլի Որդվոց Որոտման եկեղեցուն, այն ունի իրավական կարգավիճակ և պատկանում է Ստամբուլի հայոց պատրիարքարանին, գրանցված է որպես Հայ առաքելական եկեղեցի: Պարզապես վերանորոգումից հետո, գովազդի նպատակով, աղմուկ բարձրացվեց եկեղեցու վերաբացման շուրջ, և փորձ է արվում այն ներկայացնել որպես թուրքական հանդուրժողականության դրսևորում: Պետք է շեշտել, որ դա իրավական կարգավիճակով եկեղեցի է, և եկեղեցու ոչ թե բացում էր, վերաբացում, այլ եղած եկեղեցու վերանորոգում»:
Հարկ է ասել, որ եկեղեցու վերանորոգման ծախսերի մոտ 70 տոկոսը հատկացրել է թուրքական կառավարությունը, ինչն աննախադեպ է Թուրքիայի պատմության մեջ:
Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի համատեքստում տարբեր պահանջներ էին ներկայացված, այդ պահանջների մեջ որոշակի դեր ուներ այն, որ թուրքական իշխանությունները պետք է իրենց երկրում ապրող կրոնական փոքրամասնությունների պաշտամունքի վայրերի նկատմամբ հոգածություն ցուցաբերեն, ճիշտ այնպես, ինչպես իսլամական պաշտամունքի վայրերի նկատմամբ: «Այդ պատճառով թուրքական իշխանությունները երբեմն ֆինանսավորում են հայկական, հունական եկեղեցիների, ինչպես նաև հրեական սինագոգների վերանորոգման, վերաբացման և այլ աշխատանքներ,- ասաց նա:- Եվ դա ներկայացնում են ոչ թե որպես պարտավորություն, այլ բարի կամքի դրսևորում»:
Ռուբեն Մելքոնյանի տեղեկացմամբ` Ստամբուլի հայոց պատրիարքությունն ունի 42 եկեղեցի, 36-ը` Ստամբուլում, մնացածը` գավառներում (Մալաթիա, Սեբաստիա…):
Ստամբուլի Հայ առաքելական եկեղեցիներից գործում են 32-ը, այն էլ` «ընդմիջումներով»: Քանի որ քահանաների թիվը քիչ է, որոշ եկեղեցիներում ամեն շաբաթ պատարագ չի մատուցվում: Հայկական եկեղեցի կա նաև Ստամբուլի «Իշխանաց կղզում», որը հայկական ամառանոցային հատված է, և տարվա այդ եղանակին այնտեղ շատ են հայերը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ